Այսօր գտանք իրարու, խեղճ լինենք ու չամաչենք։ Բախտ չտենչանք ու հեռու տարիները չհիշենք։ Լռենք միայն մի մեղմող լռությունով ու հանգչենք։ Բանանք սրտերս մեռնող, որբ լինենք ու չամաչենք։ Կախարդական մի շղթա կա երկնքում' Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում' Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն' Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և' հարազատ, և' օտար...