Մայր իմ' արև ու հեռանուշ լուսնկա, դարձար նշխար ու միացար մեր հողին, և հողն անուշ հայրենիքի հնամյա, քիչ ավելի քաղցրացավ... Մայր իմ' երկինք և առավոտ սրբալույս, դու մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր և հողը սուրբ' լուսապսակ պապերուս' քիչ ավելի սրբացավ... Մայր իմ, դու գանձ եւ անսպառ ոսկեհանք, դարձար խորհուրդ և հողակույտ աննշան, բայց գանձն անխույզ մեր հողերի լանջի տակ' Քիչ ավելի աճեցավ... Մայր իմ' աղբյուր սիրո անհաս հրաշքի, գացիր ննջել Լուսավորչի աստղի տակ, և սիրտն անհուն Հայաստանի մայր հողի, քիչ աւելի մայրացավ... Մայր իմ' երդիկ, մայր իմ' սեղան տոհմական, հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի, քեզնով հիմա աշխարհն հայոց աննման, քիչ ավելի հայացավ...