Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած, մոմի լույսով' խավարի մեջ համատարած, կհալածես դու տեսիլքներ արևավառ, կխարխափես և խավարին չես հավատա... Արցունքներիդ միգամածին խորին տմույն գիտես նայել արշալույսի ճաճանչներին սգի քողի տակ հուսալից դու սիրահար' կտառապես և վշտերիդ չես հավատա... Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք' դու կփորձես արծիվներին վայել ճախրանք, և այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար, դու կխեղդվես' շղթաներիդ չես հավատա... Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա, բայց խոցոտված քո մատներով արյունլվա, դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ, ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա... Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած, քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած, կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար, կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա... Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած, մոմի լույսով' խավարի մեջ համատարած, կհալածես դու տեսիլքներ արևավառ, կխարխափես և խավարին չես հավատա...